Страницы

ԿՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐ


ԿՀԳՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Գևորգ Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 9-ին Երևանում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1963-1967 թվականներին աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում որպես ռեժիսոր, գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրության խմբագիր: 1967-1969 թվականներին աշխատել է կուլտուրայի մինիստրությունում որպես դրամատիկական գործերի խմբագիր: 1984-1985 թվականներին աշխատել է Հայկական թատերական ընկերությունում որպես պատասխանատու քարտուղար Երևանում: Համարվում է ԽՍՀՄ երկրներում ամենաշատը բեմադրված հայ դրամատուրգը։ Մինչև 1983 թվական 112 անգամ Մոսկվայի ակադեմիական Փոքր թատրոնում ցուցադրվել է Սարգսյանի «Գլխապտույտ» պիեսը: Այս պիեսը առաջին հայ դրաման էր, որը բեմադրվել է Մոսկվայի ակադեմիական Փոքր թատրոնում: 1992-2014 թվականներին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչը։2011-2014 թվականներին եղել է Երևանի Յանուս արտիսըական թատրոնի գրական բաժնի վարիչտ։ 2014-2015 թվականներին եղել է Երևանի Յանուս արտիստական թատրոնի տնօրենի խորհրդական։ 2019 թվականին նշանակվել է «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գրական բաժնի վարիչ։ «Հայրենիքում և սփյուռքում գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է ԿՀԳՄ պատվոգրով։ 2019-2021 թվականներին կազմել և խմբագրել է «Գրական անդաստան», «Տարագիր» և այլ համահեղինակային ժողովածուներ։ Տպագրվել է ԿՀԳՄ Ժամանակակից դրամատուրգիա և Դրամատուրգիական երկերի ընտրանի ժողովածուներում։ Եղել է Դրամատուրգիական երկերի ընտրանի մատենաշարի խմբագրակազմի անդամ։ 2021 թվականին պարգևատրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության Տիր. Գրչության հովանավոր պատվո շքանշանով, ՀԱԲ հրամանատար, գեներալ-մայոր Ա. Ամիրխանյանի պատվոգրով։ 2020-2021թվականներին հրատարակվել են դրամատուրգի Բեմի մարդիկ, Ընտանեկան պատերազմներ, Երիտասարդ կանանց կյանքից գրքերը (խմբագիր` Մխիթար Մոս-Մուշեղյան)։ 2021 թվականից անդամակցում է Երգիծաբանների համակայկական միությանը։



ԿՀԳՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԲՅՈՒՐԵՂԻԿ ՄՆԵՅԱՆ

Բյուրեղիկ Սաղաթելի Մնեյանը ծնվել է 1935 թ. Վարդենիսում, մանկավարժի ընտանիքում:
1954թ. ընդունվել է Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, զուգահեռ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը:
Թատրոնում աշխատանքային 65 տարիների ընթացքում խաղացել է 200-ից ավելի փոքր ու մեծ դերեր և արժանացել բազմաթիվ պարգևների`ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, ՍՍՀՄ մշակույթի նախարարության պատվոգիր, ՀՀ նախագահի շնորհակալագիր, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր և 2010 թվականին`75 -ամյակի առթիվ, ոսկե մեդալ, թատերական գործիչների միության պարգևներ, «Թատերական Լոռի» փառատոնի «Բարեկամության» մեդալ, « Կին-մշակույթ-խաղաղություն» մարզային փառատոնի առաջին կարգի դիպլոմ և այլն: 1978 թ. արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման:
Խաղացել է վարպետ դերասաններ Դավիթ Մալյանի հետ «Գարնան անձրևում»`Գոհարիկ, Ավետ Ավետիսյանի հետ «Խաթաբալայում»` Մարքրիտ, Գուրգեն Ջանիբեկյանի հետ «Բրոուդիի ամրոցում»`Սյուզի, Կարպ Խաչվանքյանի հետ «Ա՜խ, ներվեր, ներվերում»`Անյա, Արմեն Խոստիկյանի հետ «Հավերժական սիրո գաղտնիքը» պիեսում` Արմենուհի և բարձր գնահատականի արժանացել նրանց կողմից:
Տարիներ շարունակ ընտրվել է թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղար, արհմիության և խմբկոլի նախագահ, կուսշրջկոմի անդամ, «Գիտելիք ընկերության», «Քյավառ» տոհմագրական գրքի հեղինակային խմբի անդամ, շրջանային կանանց հանձնաժողովի «Ծիածան» ակումբի նախագահ: Թատրոնին կից ստուդիայում դասավանդել է բեմական խոսք, հանրակրթական դպրոցում վարել է թատերական խմբակ և դասավանդել «Հայ եկեղեցու պատմություն»: 1998 թվականին Գավառի արվեստի դպրոցում հիմնել է թատերական խմբակ, որը կոչվում է իր անվամբ: «Բյուրեղիկ» թատերախումբը բազմիցս մասնակցել է փառատոնների և արժանացել մրցանակների, դիպլոմների, պատվոգրերի ու պարգևների: Նռանէ մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է, 2018 թվականից` ԿՀԳՄ անդամ:
Տպագրվել է «Հայ արդի գրողներ», «Գրական անդաստան», «Ձայն հայրենյաց», «Ժամանակակից դրամատուրգիա» և այլ ժողովածուներում։
2021 թվականին լույս է տեսել Բ. Մնեյանի Պիեսներ մանուկների համար գիրքը:



ԿՀԳՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ
 ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրավցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի , «Երևան» կինոմիավորումում, Երևանի պետական տիկնիկային թատրոնի՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն։
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր է, 1974 թվականից դասավանդում է հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա։ Ռուբեն Մարուխյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Մարուխյանի ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են գերմաներեն, ռուսերեն, լեհերեն, Անգլերեն։
1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հանդիսանում է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Արժանացել է պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում։
Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով 2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։
«Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակի համար արժանացել է ՀԳՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրցանակի (1988)։

«Մուկիկը» վիպակի համար արժանացել է միջազգային ՊԷՆ գրական ընկերակցության մրցանակի (2010)։

«Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի (2013)։

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի (2015)։

Կալիֆորնիայի հայ գրողների միության «ՏԻՐ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Երախտագիտություն» պատվո շքանշանի (2021թ)
2021 թվականին Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս է տեսել անվանի գրողի ՊԻԵՍՆԵՐ գիրքը։
Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի խորհրդականն է։



ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳՐԻԳՈՐ ԲԱՆԱՆՑ

Երգահան, բանաստեղծ Գրիգոր Բանանցը (Շահմուրադյան) ծնվել է 1960 թվականին հայոց Գարդման գավառի Բանանց գյուղում (ներկայումս Ադրբեջանի տարածքում): Մանկությունը և պատանեկության տարիների մի մասը անցել է հայոց աշխարհի գողտրիկ այդ անկյունում, որի հայկականության պատմությունը, ավաղ, ընդհատվեց բռնի ուժով 1989 թվականին։ 1966 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է սովետական բանակում: 1981-86թթ ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում` ստանալով պատմաբան-ազգագրագետի որակավորում: 1986-ից աշխատել է Սարդարապատի ազգագրության թանգարանում` որպես գիտաշխատող: 1989-1993 թվականներին եղել է Մեղրիի Ալվան գյուղի դպրոցի տնօրենը: 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա, իսկ 1999-ին Կանադա՝ Տորոնտո քաղաք, ուր ապրում է մինչ այսօր: Աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես նպաստել են յոթանասունականների ազգային զարթոնքի շրջանը, ժամանակ, երբ չնայած կոմունիստական մտածողությանը, հայը կարողացավ վերագտնել իր արմատները, վերաիմաստավորել իր ներկան և ուղի հարթել... Ստեղծագործել սկսել է հասուն տարիքում, երբ արդեն քառասունն անց էր։ 2018թ. Թեհրանում լույս է տեսել Բանանցի առաջին երգարանը՝ քառասուն երգերով։ Ունի քառասուն ձայնագրված երգ։ Նույն թվականին ունեցել է համերգ Ա.Խաչատրյան համերգասրահում, և լույս է տեսել հեղինակած երգերի առաջին ձայնասկավառակը։ Բանաստեղծ-երգահանի երգը և գեղարվեստական խոսքը մարդկանց հետ խոսելու յուրօրինակ միջոց են՝ Աստվածային միջոց, այսպես է համարում ինքը ստեղծագործողը։ Նրա ստեղծագործություններից հրատարակվել են «Ձայն հայրենյաց» և «Գրական անդաստան» և այլ ժողովածուներում։ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ է, արժանացել է ԿՀԳՄ Երախտագիտություն պատվո շքանշանի, ՀԱԲ հրամանատար Գեներալ- Մոայոր Ա. Ամիրխանյանի կողմից պատվոգրի։ Ատամուսնացած է, ունի երկու զավակ։




ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳՈՀԱՐ ԱՊԻՏՈՆՅԱՆ

Գոհար  Զարզանդի Ապիտոնյանը, ծնվել է 1957 թ-ի ապրիլի 18-ին Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում:Գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը: 1974թ-ին ընդունվել և ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը,մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա որակավորմամբ:Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն գյուղում:Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է կրթության նախարարության կողմից պատվոգրով:Տպագրվել եմ մարզի <<Հայրենականչ>> թերթում:
40 տարի դասավանդում է նույն գյուղի դպրոցում` վայելելով համագյուղացիների սերն ու համակրանքը:Դպրոցը նրա երկրորդ տունն է, տարերքը,սիրով է աշխատում թե փոքրերի և թե ավագ տարիքային խմբերի հետ: Գրում է բանաստեղծություններ, մանկական բանաստեղծություններ, առակներ... Որպես բանաստեղծուհի տպագրվել է «Ձայն հայրենյաց» և «Հայրենականչ» ժողովածուներում։Տպագրել է "Առականի" և "Եղանակներ" , "Փայլող աստղիկներ մանկական գրքերը և այլ գրքեր։ Անդամակցում է Կալիֆորնիայի հայ գրողների միությանը։



ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դրամատուրգ, բանաստեղծ Գուրգեն Երջանիկի Միքայելյանը ծնվել է 05.01.1965 թվականին Օշական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ 1996-2020 թվականներին Գ.Միքայելյանը հեղինակել է «Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ», «Հորիզոնից այն կողմ», «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա», «Պոեզիա», «Թատերգություն» գրքերը։ Գ. Միքայելյանի ստեղծագործությունները տպագրվել են պարբերական մամուլում, գրական կայքերում, «Հայ արդի գրողներ», «Գրական անդաստան», « Ոգեզարթոնք», «Ձայն հայրենյաց», «Ժամանակակից դրամատուրգիա» և այլ ժողովալուներում։ Գ. Միքայելյանի պիեսները բեմադրվել են ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանի տարածքից դուրս։
Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ է։ Տպագրվել Է ԿՀԳՄ ժամանակակից դրամատուրգիա մատենաշարերում։



ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող Ֆահրադ Արամայիսի Ափուջանյանը ծնվել է 15.08.1950թ.-ին, 1968-72թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետում, 1978-82թթ.-ին՝ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1972-73թթ. եղել է Սպիտակի շրջանի Շենավանի ութամյա դպրոցի ուսմասվարը, այնուհետև՝ տնօրենը, 1992-2002թթ.-ին՝ «Սպիտակ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 1996-99թթ.-ին՝ «Սպիտակ» հեռուստաընկերության տնօրենը, 1996-99թթ.-ին՝ Սպիտակի քաղաքապետարանի լրատվության, մշակույթի, կրթության և սպորտի բաժնի վարիչը, 2002թ.-ից՝ «Լուսարձակ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:                                Արժանացել է «Վարդան Մամիկոնյան» մեդալի, Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման: 1978-96թթ. եղել է ժողովրդական պատգամավորների Սպիտակի շրջանային խորհրդի պատգամավոր: Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամ է:                         Հրատարակված գրքերն են՝ «Արևաշող» 2010թ., «Երանելի երկիր... Սպիտակ» 2013թ., «Սպիտակի շրջանի դպրոցների համառոտ պատմությունը և դպրության նվիրյալները» 2014թ., «Ընծայագիր» 2015թ.: Ամուսնացած է, ունի չորս որդի:




ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Արմենուհի Ծատուրյանը ծնվել է 31.08.1952 թվականին։ Ավարտել է  ԵՊՀ  բանասիրական  ֆակուլտետը, ծավալել է մանկավարժական գործունեություն, աշխատել ՀՊԱՀ  հայոց և ռուսաց լեզուների ամբիոնում, որպես հայոց լեզվի դասախոս։ Զբաղվում  է ստեղծագործական աշխատանքով, մի շարք մասնագիտական և գեղարվեստական գրքերի  հրատարակչական խմբագիր է և առաջաբան-գրախոսությունների հեղինակ։ «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական խորհրդի և Կալիֆորնիայի հայ գրողների մության անդամ է։



ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳԱԳԻԿ ՀԱՌԻՃԵՑԻ
 Գագիկ Մուրադի Անտոնյանը ծնվել է 1955թ. Արթիկի շրջանի Հառիճ գյուղում։ 1962֊1972թթ. սովորել և ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի լրիվ դասընթացը, որից հետո` 1972֊1973 ուս. տարում սովորել է Երևանի թիվ 1 տեխնիկական ուսումնարանում որպես սառնարան հավաքող փականագործ։ 1974֊1976 թթ. Ծառայել է խորհրդային բանակում։ 1977֊ին ընդունվում և 1982֊ին ավարտում է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի "Մատենագիտություն" բաժիկը։ Կոմկուսի Արթիկի շրջկոմի ուղեգրով, համատեղությամբ, սովորել ու գերազանց առաջադիմությամբ ավարտել է մարքսիզմ֊լենինիզմի համալսարանը, իսկ 1979֊ին ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։ Հասարակական կարգով եղել է գյուղի սովխոզի ՀամԼԿԵՄ քարտողարը։
1984֊1988 թթ. որպես ուսուցիչ աշխատել է Արագածի շրջանի գյուղերի դպրոցներում։ Հետագայում` 1990֊ական թթ. Նորից էլի ուսուցիչ Արթիկի շրջանի Սարալանջ գյուղում։
  1980֊1984 և1988֊1992 թվականներին աշխատել է Հառիճի պատմամշակութային թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ։
Այստեղ էլ գրում է իր առաջին պատմագիտական հոդվածները։
 1995 թ. հոգևոր իշխանության Շիրակի թեմի ղեկավարությունը նրան հրավիրում է աշխատանքի որպես Հառիճավանքի կառավարիչ։ Օգտվելով հնարավորությունից նա լուծարված նախկին թանգարանի շենքում, լինում է հիմնադիր Հառիճի երկրորդ թանգարանի, որտեղ ստեղծում է ճարտարապետության ցուցասրահ և երկրորդ ընդարձակ սրահում կազմակերպում է հնագիտության, ազգագրության, դրամական շրջանառությունը Հայաստանում և 1915֊ի ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ։ Այս թանգարանի մասին գրում են Ֆրանսիայում, ԱՄՆ֊ում։
  Գագիկ Հառիճեցին տպագրվել է դեռևս դպրոցական տարիներին "Պիոներ կանչ" մանկապատանեկան թերթում։ Գիտահանրամատչելի, հրապարակախոսական և այլ հոդվածներով տպագրվել է Հայաստանի կենտրոնական ("Սովետական Հայաստան", "Ավանգարդ", "Սովետական դպրոց",  "Կուլտուր֊լուսավորական հանդես"), շրջանային ("Լեռնագործ", "Արագած"), անկախ ("Իրավունք", "Ցայգ") թերթերում ու հանդեսներում։ Հառիճի պատմության լուսաբանմամբ նա հանդես է եկել Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումներով։
  Հեղինակ է հինգ տպագիր մենագրության։ Գյուղի նշանավոր մարդկանց անուններն է հավերժացնում նրա "Հառիճեցիները" (1998թ.)։  "Հառիճ" գիտապատմական մենագրությունը գյուղի պատմության ամբողջական տեղեկատվություն է` ամփոփ հանրագիտակ բոլոր ժամանակների նրա պատմամշակութային արժեքների մասին։  Հայ ժողովրդի ակունքներին, նրա ծննդաբանական ազգային վարկածին է նվիրված "Ադամից Հայք ու մինչև Վահե" (2010թ.) տոհմաբանական սերնդաբանությունը։ Ամբողջացված է հայ ժողովրդի ծագման աստվածաշնչյան և հայ պատմիչների կողմից հիշատակվող տեղեկությունների հիման վրա։ Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի գործունեությունն է ներկայացնում "Դիմանկար կամ հայոց փրկության հույսի պաշարով" (2002) ձեռնարկը, որը քաղաքապետ գործչին կերպավորում է ժամանակի սոցիալ֊տնտեսական կյանքի յուրովի մեկնաբանությամբ։ "Պատմության գանձեր"֊ը (2017թ.)  անդրադարձ է գյուղի պատմության, նրա պատմամշակութային արժեքների առանձին հարցերի մեկնաբանություններին, ինչպես նաև գյուղի ու վանքի հետ կապված լեգենդներ, ավանդազրույցներ, հիշարժան պատմություններ։ Տեսականորեն այս գիրքը հանդիսանում է "Հառիճ" մենագրության առանձին մանրամասները լրացնող ու ամբողջացնող գործ։
  Գագիկ Հառիճեցին տպագրվել է "Արթիկ" երկհատոր պարբերականի առաջին հատորում։ Բանաստեղծություններով տպագրվել է ԿՀԳՆ ՀՆ կողմից հրատարակված "Հայ արդի գրողներ" համահեղինակային ժողովածուի 2֊րդ և 3֊րդ  (2019թ.), "Գրական անդաստան" 2֊րդ (2020թ.), "Երկիր Նաիրյան" (2021թ.) գրական մատենաշարերում։
  Նա զբաղվել է նաև հայ քարարվեստով։ Նրա քանդակած գեղաճաշակ խաչքարը Բրյուսելում հավերժացնում է 1915֊ի Հայոց մեծ ցեղասպանության զոհերի հիշատակը։
  Նրա մասին գրել են թեթերը։ Ներկայացվել է հեռուստառադիոհաղորդումներով։
  2006 թվականին հաստատվում է Երևանում։  Այսօր էլ ապրում է աշխատանքային և գիտամշակութային կյանքով։
2021 թվականից ԿՀԳՄ անդամ է։




ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Սոֆյա Վազգենի Սարգսյանը ծնվել է Եղեգնաձորում։ Կարմիր դիպլոմով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Մանկավարժական մասնագիտությանը զուգահեռ ստացել է լրագրողի մասնագիտություն։ Մինչ 1998 թվականը մեկուկես տասնամյակ աշխատել է Եղեգնաձորի դպրոցում, եղել ուսումնական գծով փոխտնօրեն։ Այնուհետև ընտանյոք տեղափոխվել է Արցախ։ Աշխատանքի անցել «Ստեփանակերտ» թերթում, որի գլխավոր խմբագիրն է 2006 թվականից ցայսօր։ Անդամակցում է Արցախի և Հայաստանի գրողների միությանը։ Ստեղծագործական գործունեության ընթացքում հեղինակել է «Մտորումներ» 2006թ., «Ծիծաղափունջ» 2003թ., «Անբասիր մրմունջներ» 2004թ., «Ծաղկի անուն՝ մի բան էլ պակաս» 2006., «Եղե՞լ է, թե՞ չի եղել» 2018թ.. գրքերը։ Առաջիկայում տպագրության է պատրաստվում Սոֆյա Սարգսյանի վեցերորդ գիրքը։ «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է։ Արժանացել է թատրոնի «Գրական վաստակ» պատվո շքանշանին։ 2018 թվականից անդամակցում է Կալիֆորնիայի հայ գրողների միությանը, 2019 թվականից Արցախի ներկայացուցչության ղեկավարն է։ Որպես համահեղինակ տպագրվել է «Հայ արդի գրողներ» եռահատորյակում, «Գրական անդաստան», «Ձայն հայրենյաց» քառահատորյակներում, Հասկեր, Երկիր Նաիրյան և այլ ժողովածուներում։ 2021 թվականին արժանացել է Կալիֆորնիայի հայ գրողների միության Տիր. Գրչության հովանավոր պատվո շքանշանին։ 2021 թվականից անդամակցում է Երգիծաբանների համահայկական միությանը։


ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼԱՅԱՆ
Բանաստեղծ, լրագրող, ծաղրանկարիչ Գուրգեն Գևորգի Բալայանը (Գուրգեն Լոռեցի) ծնվել է 15.05.1950թ Կիանեթի գյուղում (Բոլնիս, Խաչենի շրևան) ՎԽՍՀ։
Վաղ պատանեկան տարիներին հանդես է եկել, որպես երաժիշտ, տարբեր ազգագրական խմբերում։ 1984 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի պոեզիայի բաժինը։ 1977-1977թթ աշխատել է Պոլիգրաֆ կոմբինատում, որպես նկարիչ, 1977-1981թթ աշխատել է Սովետական գրող հրատարակչությունում, որպես խմբագիր։ Եղել է «Հայասհանի բնություն» հադեսի գեղխմբագիրը, 1990-1991թթ «Համշեն» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1995-1998 թթ եղել է Հանրային հեռուստաընկերության «Երգիծանք և հումոր» ծրագրի խմբագիրը։ 1981 թվականից «Ոզնի» երգիծաթերթի խմբագիրը և ծաղրանկարիչը։
1981 թվականից տպագրվել է տարբեր ժողովածուներում։ Տպագրվել և տպագրվում է նաև ԿՀԳՄ մատենաշարերում։
Նկարչական գործունեության ընթացքում արել է ժամանակի խոշոր մտավոիականների ծաղրանկարները (Մարտիրոս Սարյան և ուրիշեր)։
ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է (1989 թ)։ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ է, Հայաստանի գրողների միության անդամ է, Երգիծաբանների համահայկական միության անդամ է, Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ է։
ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԻՐԻՆԱ ԱՐԱՄՅԱՆ
Իրինա Արամյանը ծնվել 16.11.1962թ Լենինական քաղաքում (ՀԽՍՀ)։ 1979 թ-ին ավարտել Է Մ.Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։ Դիմել Է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ։ Երկու քննություն բարձր գնահատականներով հանձնելուց հետո, ընտանեկան խնդիրների պատճառով չի շարունակել։ Նույն թվականին ամուսնացել է երգիչ Մեխակ Արամյանի հետ և տեղափոխվել ք. Կիրովական։ Ունի երկու զավակ (Որդին` Արտակ Արամյանը, ՀՀ գուսանների միության անդամ է, գուսան), և երկու թոռ։ Ստացել է միջին մասնագիտական` հաշվապահական կրթություն։
    Իրինա Արամյանի առաջին ` «Անցնող օրվա հետ» գիրքը լույս է տեսել 2017 թվականին, երկրորդ ` «Լռությունից հետո» գիրքը` 2020 թվականին։ Տպագրվել է «Դուդուկն է երգում Գյումրիում», «Շիրակ աշխարհ», «Գարունը սիրուց է ծնվել», «Սիրով ու նվիրումով», «Գրական մեղեդիներ Թ», «Հայրենյաց կանչեր» , «Գրական անդաստան» երրորդ, չորրորդ հատորներում, «Ձայն հայրենյաց», երրորդ, չորրորդ հատորներում, «Հայրենականչ», «Տարագիր» , «Հասկեր» առաջին, երկրորդ հատորներում, «Վերածնունդ» ժողովածուի երեք հատորներում, «Երկիր նաիրյան 1» համահեղինակային գրքերում։ ԿՀԳՄ անդամ է 2020 թ-ից։ 2021 թ-ին, ՏԻՐ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում իրականացված «Հայ գիր» գրական մրցույթին արժանացել է «Տարվա լավագույն բանաստեղծուհի» կոչման և արձանիկ - մրցանակին։ ՀՀ "Արվեստագետ" կրթամշակութային Հկ-ի կողմից արժանացել է շնորհակալագիր, ԿՀԳՄ հայաստանյաց ներկայացուցչության կողմից ստացել է շնորհակալագիր, Հաղթանակ ազատամարտիկների բանակի հրամանատար,Գեներալ մայոր Ա.Ամիրխանյանի կողմից արժանացել է պատվոգրի։
ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ (Մուշեղ Մովսեսի Մխիթարյան)
Բեմադրիչ, դրամատուրգ և արձակագիր Մխիթար Մոս-Մուշեղյանը (Մուշեղ Մովսեսի Մխիթարյան) վաղ պատանեկան տարիներից տարվելով թատերարվեստով կազմավորել է «Մխիթար Մոս-Մուշեղյան» սիրողական թատերախումբը, հետագայում հիմնադրել է Երևանի «Յանուս» արտիստական թատրոնը։ 2014-2015 թթ եղել է նույն թատրոնի տնօրենը։
Տարբեր տարիներին եղել է «ԲԵՄ» միավորման գլխավոր ռեժիսորը, «ԲԵՄ» միավորման «Ունիվերսալ երիտասարդական» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, «Փարոս» իմպրովիզացիոն թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի բազային ստուդիայի դասախոս, «Մոս» մանկապատանեկան թատրոն-ստուդիայի և «Սթար» թատերախմբերի ղեկավարը։ Ռեժիսորական գործունեության ընթացքում բեմադրել է երեք տասնյակից ավելի ներկայացումներ։ Խաղացել է շուրջ չորս տասնյակ մեծ ու փոքր դերեր։ Որպես դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր տպագրվել է շուրջ երեք տասնյակ համահեղինակային ժողովածուներում։ Դրամատուրգիական փորձեր է սկսել անել վաղ պատանեկան տարիքից։ Գրում է դրամաներ, պատմահայրենասիրական դրամաներ, ժամանակակից կյանքի խնդիրներին վերաբերող պիեսներ։ Ազգային մշակույթի հիմնախնդիրների վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ 2020-2021 թթ Մոս-Մուշեղյանի առաջարկով, ապա նաև խմբագրությամբ լույս է տեսել Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» քառահատոր մատենաշարը և «Դրամատուրգիական երկերի ընտրանի» ժողովածուների շարքի առաջին հատորյակը։ Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս են տեսել նշանավոր դրամատուրգներ Ռուբեն Մարուխյանի «Պիեսներ» և Գևորգ Սարգսյանի «Բեմի մարդիկ», « Ընտանեկան պատերազմներ», «Երիտասարդ կանանց կյանքից», ՀՀ վաստակավոր արտիստուհի, դրամատուրգ Բյուրեղիկ Մնեյանի «Պիեսներ մանուկների համար» պիեսների ժողովածուները, բանաստեղծուհի, Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ Աիդա Պողոսյանի և այլ գրողների գրքեր։ 2020 թվականին Կալիֆորնիայի հայ գրողների միության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով` հայրենիքում և սփյուռքում գրականության մեջ ներդրած ավանդի համար, իսկ 2021 թվականին «Տիր. Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» պատվո շքանշաններով։ Ազգային մշակույթի պահպանման համար «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Սայաթ Նովա» մեդալով, այլ մշակութային և ռազմահայրենասիրական կազմակերպությունների շնորհակալագրերով և պատվոգրերով։
Կալիֆորնիայի հայ գրողների միության (2017թ) և Երգիծաբանների համահայկական միության (2021թ) անդամ է։
Հրատարակած երկերն են` «Երբ Անցյալն է աղաղակում», «Խնամախոս», «Բաղրամյան», «Կալոդեն. Արյունոտ շուշաններ», «Ապրումներ»։
Ունի մեկ դուստր...
ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԷԼԻՆԱ ՄԻՐ
Լեոնորա Միրիջանյանը, ծնվել է Երևանում: Հանդես է գալիս ` Էլինա Միր գրական անվամբ։
Գրել սկսել է դեռ դպրոցական տարիքից: 90 -ականներին Հայրենիքում աշխատել է նաև որպես լրագրող «Զրուցակից» գրական թերթում և «Հայաստան» պարբերականում, բազմաթիվ քննադատական նյութերի հեղինակ է:
Նրա հոդվածները գնահատվում և ընդունվում էին շատ ընթերցողների կողմից, քանի որ արտացոլում էին հայրենիքի դժվարությունները այդ տարիներին:
Մոտ 20 տարի է Էլինան ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում: Մինչև արտագաղթելը, նա հանդես է եկել նաև իր հեղինակային գրքերով` «Երբ Փակվում են Բոլոր Դռները», այնուհետև «Թևաթափ»: Հեղինակի փոքր էսեներն ու պատմվածքները պարունակում են հույսի և դրական մտորումների ուղերձ: Ապրելով օվկիանոսից այն կողմում, նա չի դադարում սիրել և մտածել իր հայրենիքի ապագայի մասին:
Վերջերս յույս է տեսել նրա հեղինակած «Խոկանց շտեմարան» և «Անտառի գիրքը» մանկական բանաստեղծությունների պատկերազարդ գիրքը, անգլերեն տարբերակներով:
Տպագրվել է ԿՀԳՄ է «Տարագիր», «Վերածնունդ» , «Հասկեր» և Երկիր Նաիրյան ժողովածուներում: Տպագրվել է «Արահետ» ակումբի ալմանախներում, ստացել մրցանակներ։
Էլինան նաև աբստրակտ նկարիչ է, ստեղծել է մոզաիկ և գունավոր ապակիներով արված յուրահատուկ աշխատանքներ: Վերացական արվեստը և խառը մեդիան ամբողջությամբ գրավել են նրան: Որպես փորձարար նկարիչ՝ Էլինան ստեղծում է յուրահատուկ արվեստ խառը մեդիայի միջոցով: Նրա արվեստի վաճառքից ստացված հասույթի մի մասը տրամադրվում է բարեգործական նպատակներին:
Իր նկարչական և մոզաիկ գործերով Էլինան պարբերաբար մասնակցում է Լոս Անջելեսում կազմակերպվող անհատական և խմբակային զուցահանդեսներին, ստանում է դրական արձագանքներ այցելուների կողմից: Նա սիրում է կրկնել` եթե ես չեմ ստեղծագործում, ապա չեմ ապրում: Հայապահպանության գործին նպաստելու համար պարգևատրվել է ՀԱԲ հրամանատար, գեներալ-մայոր Ա. Ամիրխանյանի կողմից։

Комментариев нет:

Отправить комментарий

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...